ARM ENG            Renesa home Contact Us Site Map
26 / 12 / 09

ՀՀ ԿԲ նախագահը երեկ հարցազրույց է ունեցել «Կապիտալ» թերթի լրագրողների հետ, որում ամփոփել է ֆինանսական տարին և ԿԲ ԴՎՔ ուղղությունները,և մասնավորապես անդրադառնալով հետևյալ հարցերին նշել է.
1.ԳՆԱՃ- Ընդհանրապես գնաճն ունի սեզոնային բնույթ: Մշտապես մենք գնանկում ենք ունենում ամռան ամիսների ընթացքում, և գնաճ է լինում, որպես կանոն, տարեվերջին: Դա պարզ է, քանի որ ակնհայտ է, որ պատրաստվելով նոր տարվա տոնակատարություններին՝ բնակչությունը որոշակի գնումներ է կատարում, ավելանում է սպառումը, ինչն էլ ազդեցություն է ունենում և՛ ֆունդամենտալների վրա, և՛ ընդհանուր տնտեսական վիճակի վրա, և՛ գների վրա: Այդ առումով գներն այս տարի մշտապես գտնվել են կառավարության և մեր ուշադրության ներքո, և մենք գնաճի հետ որևիցե խնդիր չունենք:
Մեր կանխատեսումներով՝ այս տարի գնաճը լինելու է մոտավորապես 5,5%-ի շրջանակներում, ինչը մեկ տարի առաջ մեր կողմից նախանշված էր՝ 4՞1.5%: Դա պայմանավորված է միջազգային շուկաների, հիմնականում հումքարդյունաբերական և պարենային ապրանքների գներին աճով: Կարող եմ ասել, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում գնաճը եղել է 0,5%, երկրորդում՝ 0,7%, երրորդում՝ 0,8%: Բայց վերջնական տվյալները մենք կունենանք հունվարի սկզբին: Մեր կանխատեսումներով՝ դա լինելու է 1%-ի շրջանակներում, և տարին, ինչպես ասացի, կավարտենք շուրջ 5,5% գնաճով:
2. ՓՈԽԱՐԺԵՔ- ՀՀ ֆինանսական շուկան մեծ չէ իր ծավալներով, և համեմատաբար խոշոր հոսքերը արժութային շուկայում կտրուկ տատանումների են հանգեցնում: Որպես կանոն՝ այս շուկայում գործարքների ծավալների աճ նկատվում է տարեվերջին, որը հիմնականում պայմանավորված է շուկայի տվյալ ժամանակահատվածին բնորոշ սեզոնայնությամբ: Բացառություն չէր նաև այս տարին:
Փոխարժեքի կտրուկ տատանումները, առավել ևս փոքր շուկաներում, շատ հեշտությամբ կարող են հանգեցնել ֆինանսական շուկայի ապակայունացման: Փոխարժեքի տատանողականությանը զուգահեռ՝ շուկայի մասնակիցների մոտ մեծանում է նաև սպեկուլյատիվ վարքագիծ դրսևորելու և լրացուցիչ շահույթներ ստանալու հնարավորությունը, որը ևս նպաստում է ապակայունացմանը:
ՀՀ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական կայունության պատասխանատու, փորձում է զերծ պահել շուկան նման անցանկալի դրսևորումներից: Այդ նպատակով ժամանակ առ ժամանակ, ԿԲ-ն ստիպված է լինում իրականացնել արտարժույթի առք և վաճառք փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու նկատառումով: Հարկ ենք համարում ընդգծել, որ այդ քաղաքականությունը չի ենթադրում փոխարժեքի կառավարում, այն է՝ վերջինիս նպատակային մակարդակի սահմանում և ապահովում: Կարևորելով ՀՀ ֆինանսական շուկայի կայունությունը՝ ԿԲ-ն կշարունակի իրականացնել իր կողմից որդեգրած քաղաքականությունը լողացող փոխարժեքի ռեժիմի ներքո:
2009թ. սկզբին իրականացված փոխարժեքի փաստացի ամրագրման քաղաքականության, ինչպես բազմիցս նշել ենք, նպատակը երկրում ֆինանսական կայունության ապահովումն էր, ինչը չափազանց կարևոր էր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար:
Հետադարձ հայացք նետելով ամրագրված փոխարժեքի քաղաքականության ժամանակավոր իրականացմանը՝ կարող ենք փաստել, որ այն միանշանակ արդարացված էր: Ճգնաժամի պայմաններում կարիք չառաջացավ, որ պետությունը ֆինանսական աջակցության ցուցաբերի երկրի ֆինանսաբանկային հատվածին, ինչն այլ զարգացող և նույնիսկ զարգացած երկրներում բավական լայնածավալ բնույթ է կրում: Ավելին՝ բանկային հատվածը տարվա երկրորդ կեսից սկսեց ակտիվ վարկավորել տնտեսությունը՝ աջակցելով տնտեսության վերականգնմանը:
Բնականաբար, ֆինանսական կայունության պայմաններում այժմ ԿԲ-ն կենտրոնացած է և հետամուտ է լինելու իր հիմնական նպատակի ապահովմանը՝ գների կայունությանը՝ վարելով լողացող փոխարժեքի քաղաքականություն և արժութային շուկային միջամտելով միայն փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am