ARM ENG            Renesa home Contact Us Site Map
12 / 12 / 12

2012 թ. դեկտեմբերի 11-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:
Խորհրդի նիստը սկսվեց նոյեմբերի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ շարունակելով մոտենալ նպատակային ցուցանիշին: Նոյեմբերի գնաճին կրկին գերակշռող ազդեցություն է ունեցել պարենային ապրանքների գների աճը՝ 2.4% (նպաստումը ընդհանուր գնաճին` շուրջ 1.3 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Հացամթերք», «Մսամթերք», «Կենդանական և բուսական յուղ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 10.7%, 3.5%, 3.4% և 1.7% (նպաստումը` 1.1, 0.4, 0.1 և 0.1 տոկոսային կետ): Նոյեմբերին բնականոն գնաճը ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ գրանցելով ընդամենը 0.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը պահպանվել է 3.5% մակարդակում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.2%: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով` համապատասխանաբար 10.0% և 8.2%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 4.5% և 5.7%:
Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 7.3%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 2.1%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 10.9%-ով (հոկտեմբերին աճը կազմել է տ/տ 25.2%):
2012 թ. հոկտեմբերին պահպանվել են մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը, իսկ մասնավոր ներդրումների մասով՝ տարվա անցած ժամանակահատվածում դիտված նվազումից հետո, դրսևորվել են աճի միտումներ: Ըստ ԿԲ գնահատումների, տարին կավարտվի մասնավոր սպառման 7.9% և մասնավոր ներդրումների 4.4% աճերով: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող` պայմանավորված պետական ծախսերի տնտեսումներով:
Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Նոյեմբերին ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 9.0% (նախորդ ամսվա նկատմամբ ընդամենը 0.15 տոկոսային կետով աճ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.96% (աճը՝ 0.15 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.91% (աճը՝ 0.15 տոկոսային կետ):
ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 0.12%-ով` կազմելով 407.1 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.98%-ով՝ կազմելով 522.3 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 0.69%-ով` կազմելով 12.98 դրամ:
Նոյեմբերին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 21.2% և 16.3%, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 25.2%, իսկ արտարժութային ավանդներինը` 27.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 20.5%): Նոյեմբերին վարկավորման աճի տեմպերը կազմել են տ/տ 26.1%՝ կառուցվածքում պահպանելով արտարժութային վարկերի գերակշռությունը:
2012 թ. նոյեմբերին զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների պահպանվող անորոշությունների և համաշխարհային թույլ պահանջարկի պայմաններում հիմնական հումքային ապրանքների շուկաներում առավելապես դրսևորվել են գնանկումային միտումներ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկաներում միտումներն հիմնականում կայունացել են: Այսպես, «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է շուրջ 2.0%-ով (տ/տ նվազում՝ 0.7%): Ամսվա ընթացքում միջազգային միջբանկային շուկայում (Over The Counter-OTC) դիտվել է ոսկու գնի 1.2% նվազում (տ/տ նվազում` 0.9%): Արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը նոյեմբերին նվազել է 4.2%-ով (տ/տ աճ` 1.6%):
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից դեկտեմբերի 6-ին հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.5%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.6%-ով: ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի գնի ինդեքսի աճը դանդաղել է և նոյեմբերին կազմել ընդամենը 0.8% (տ/տ աճը` 28.5%): «Chicago Board of Trade» (CBOT) ապրանքահումքային բորսայում գնանշվող բրնձի գինը նոյեմբերին նվազել է 1.8%-ով (տ/տ 1.2% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գների ինդեքսը՝ 5.3%-ով (տ/տ 21.2% նվազում):
Նոյեմբերին ԱՄՆ դոլարն արժևորվել է եվրոյի նկատմամբ շուրջ 1.2%-ով՝ մեկ եվրոյի դիմաց միջինում կազմելով 1.28 ԱՄՆ դոլար (տ/տ արժևորումը՝ 5.7%):
ԱՄՆ ԴՊՀ-ն, հիմք ընդունելով ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերը և միջնաժամկետում խարսխված գնաճային սպասումները, նոյեմբերին շարունակել է ցածր տոկոսադրույքի (0-0.25% միջակայքում) քաղաքականությունը:
Եվրոպական Կենտրոնական բանկը ևս անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը: Նշենք, որ և՛ ԴՊՀ-ն, և՛ ԵԿԲ-ն շարունակում են տնտեսական վերականգնմանն ուղղված ոչ ավանդական դրամավարկային մեխանիզմների կիրառումը:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Խորհուրդն արձանագրեց, որ նոյեմբերին դիտված մակրոտնտեսական զարգացումներն հիմնականում ընթացել են Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակվի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում, ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային:
Խորհուրդը գնահատեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ, այդ ընթացքում դիտվել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների բարձր աճ և հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցություն համախառն պահանջարկի վրա: Արդյունքում, ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:
Հաշվի առնելով 12-ամսյա գնաճի ցուցաբերած փաստացի վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների զարգացման հեռանկարում թույլ գնաճային միջավայրի պահպանումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում:
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am