ARM ENG            Renesa home Contact Us Site Map
13 / 02 / 13

2013 թ. փետրվարի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:
2013 թ. հունվարին արձանագրվել է 2.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ գտնվելով 4.0% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:
Խորհուրդը գնահատեց, որ 2012 թ-ին տնտեսական ներուժի և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման պարագայում ցածր գնաճային միջավայրում դրսևորվել է իրական սպառման հավելուրդային աճ, որը կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանա հավասարակշիռ մակարդակի շուրջ: Այս պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում և ձևավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ: Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և գնահատվող հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա գնաճի 4.0% նպատակային թիրախին կանխատեսվող հորիզոնում կարելի է հասնել քաղաքականության գործիքի ներկայիս տոկոսադրույքով: Ընդ որում, կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների, և գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ առաջիկա 10 օրվա ընթացքում հրապարակվելիք «Գնաճի հաշվետվություն» եռամսյակային պարբերականում:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am