Արժեթղթերի տեսակների նկարագիր
Հաճախորդները կարող են իրենց միջոցները ներդնել արժեթղթերի հետևյալ տեսակներում`
- հասարակ և արտոնյալ բաժնետոմսերում
- պետական և կորպորատիվ պարտատոմսերում
- ածանցյալ գործիքներում
Հասարակ բաժնետոմսն այն արժեթուղթն է, որն իր տիրոջը հավաստում է ընկերության շահույթից շահաբաժնի ձևով մաս ստանալու, ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:
Արտոնյալ բաժնետոմսն ի տարբերություն հասարակի ընկերության որոշումների ընդունման գործում ձայնի իրավունք չի տալիս, իսկ շահաբաժինները սահմանվում են կանոնադրությամբ և տրվում են առանց լրացուցիչ որոշման: Ընկերության սնանկացման դեպքում արտոնյալ բաժնետոմսերի դիմաց պարտավորությունների բավարարումն առաջնահերթ է հասարակ բաժնետոմսերի նկատմամբ:
Պարտատոմսն արժեթղթի այնպիսի տեսակ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի արժեքը կամ գույքային այլ համարժեք, ինչպես նաև ստանալ անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք:
Ածանցյալ գործիք - արժեթղթի այնպիսի տեսակ է, որը հավաստում է ժամկետային կատարմամբ իրավունք և/կամ պարտավորություն: Ածանցյալ գործիքների գինը կախված է դրանց հիմքում ընկած ակտիվներից, որի գինը որոշվում է այդ ակտիվների գների տատանմամբ: