ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14 / 07 / 10
2010 թ. հուլիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: Խորհուրդը համակարծիք է, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը: Խորհուրդը գնահատում է, որ չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաև առաջիկա ժամանակահատվածում, այդուհանդերձ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը և սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռևս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից: