ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18 / 04 / 09
17.04.09թ.կայացած ԿԲ-ի խորհրդի նիստում բոլորը համակարծիք էին, որ տնտեսական ակտիվության անկման պայմաններում, երբ համենայն դեպս մինչև առաջին կիսամյակի ավարտ գնաճի զարգացումներն առավել տեսանելի են և գնահատվում են նպատակային միջակայքի սահմաններում, առավել նպատակահարմար է դրամավարկային պայմանների թուլացումը` ծավալային ընդլայնման միջոցով: Որպես վերջինիս իրականացման մեխանիզմ ընտրվեց պետական արժեթղթերի երկրորդային շուկայում ԿԲ-ի մասնակցության մեծացումը և այդ ճանապարհով լրացուցիչ իրացվելիության ներարկումը բանկային համակարգ: Վերջինս հնարավորություն կտա կառավարությանը տեղաբաշխել լրացուցիչ պետական արժեթղթեր և ներգրավված միջոցների հաշվին իրականացնել ծախսեր` խթանելով տնտեսական ակտիվությունը: ԿԲ-ի խորհրդում կարծիքներ հնչեցին, որ ծավալային ընդլայնմանը զուգահեռ 0.25 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը գնաճի նպատակի իրագործման և տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրում է: ԿԲ-ի խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.50%: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար՝ 4.50% և 10.50%: