ԳԼՈՒԽ 12. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
12.1. Ընկերության Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները նշանակվում և ազատվում են Ընկերության գործադիր տնօրենի կողմից` Ընդհանուր ժողովի համաձայնությամբ:
12.2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
12.3. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է Լիազոր մարմնի սահմանած կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա անցնեն որակավորում: Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը, այդ թվում` համապատասխան քննությունն անցկացվում է Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների թեկնածուների և հավակնորդների համար` Լիազոր մարմնի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից: Առանց համապատասխանության որակավորման Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնին նշանակված անձինք պետք է որակավորվեն նշանակման պահից եռամսյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ Օրենքով և ենթաօրենսդրական ակտերով:
12.4.Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոն առանց որակավորում անցնելու կարող են զբաղեցնել Լիազոր մարմնի կողմից որակավորված աուդիտորները, Համապատասխանության միջազգային ասոցիացիայի համապատասխանության դիպլոմ կամ հավաստագիր ունեցող անձինք, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կազմակերպված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում համապատասխանության գործնական դասընթացը և որակավորման քննությունն անցած անձինք: 12.5. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր.
- ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,
- դատարանի կողմից զրկված են ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
- սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
- քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
- ունեն բացասական գործարար համբավ ֆինանսական համակարգում,
- չեն համապատասխանում սույն Կանոնակարգի սույն գլխով սահմանված պահանջներին,
- փոխկապակցված են Ընկերության ղեկավարների հետ: