ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 7. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԿԱՍԿԱԾԵԼԻ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ,
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

7.1.Սպասարկող ստորաբաժանումները ֆինանսական գործառնություններ կարող են իրականացնել միայն սույն Կանոնակարգով պահանջվող տեղեկությունները ստանալուց և գրառելուց հետո, և պարտավոր են մերժել գործարք կատարելու վերաբերյալ հաճախորդի կամ ցանկացած գործարքի կողմի դիմումը, եթե վերջիններս չեն ներկայացնում կամ հրաժարվում են ներկայացնել սույն Կանոնակարգի համաձայն պարտադիր տրամադրման ենթակա տեղեկությունները և փաստաթղթերը:

7.2.Սպասարկող ստորաբաժանումները պարտավոր են մերժել գործարք կատարելու վերաբերյալ հաճախորդի կամ ցանկացած գործարքի կողմի դիմումը, եթե Ընկերությանը դիմող և կամ գործարքի կողմ հանդիսացող անձիք ընդգրկված են սույն Կանոնակարգի 3.7. կետում նշված ցուցակում:

7.3. Սպասարկող ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը բարձր և միջին ռիսկի չափանիշներին համապատասխանող գործարքներ կամ հաճախորդներ ունենալու դեպքում մինչև այդ աշխատանքային օրվա ավարտը պետք է փաստաթղթեր պահանջելու միջոցով պարզի անհրաժեշտ տեղեկատվությունը: Եթե մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը անհրաժեշտ տեղեկատվությունը չի պարզվում, ապա տեղեկատվություն տրամադրող ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը գործարքը կամ հաճախորդը որակում է, որպես բարձր ռիսկի չափանիշ ունեցող և տեղեկացնում Ներքին դիտարկումների մարմնին:

7.4.Կասկածելի և բարձր ռիսկի չափանիշներին պատկանող գործարքի կամ հաճախորդի առկայության դեպքում, Ներքին դիտարկումների մարմինը ժամանակավոր կասեցնելով գործարքը իրականացնում է ներքոնշյալ գործողությունները` - պարզում է անհրաժեշտ տեղեկատվություն (գործարքի բնույթը, չափանիշները): - Եթե մինչև գործարքի հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրվա ավարտը չի հաջողվում պարզել անհրաժեշտ տեղեկատվությունը (բնույթը, չափանիշները), ապա Ներքին դիտարկումների մարմինը դիմում է գործադիր տնօրենին այդ գործարքը կասեցնելու և Լիազոր մարմնին կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու առաջարկությամբ: - Եթե գործարքի հայտի ընդունման հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ընթացքում գործադիր տնօրենի կողմից Ներքին դիտարկումների մարմնի կատարած առաջարկության մերժման վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումներ չեն արվում, Ներքին դիտարկումների մարմինը գործարքը որակում է որպես կասկածելի և մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, իսկ դրա անհնարինության դեպքում մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00 կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում Լիազոր մարմնին :

7.5. Ընկերությունը վերացնում է գործարքի կասեցումը կամ դադարեցումը, եթե հաճախորդի կողմից ներկայացվել են Ընկերության համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ, որոնք ակնհայտ հիմնավորում են, որ տվյալ գործարքը կասկածելի չէ` այդ մասին տեղեկացնելով Լիազոր մարմնին:

7.6. Ընկերությունը գործառնությունների դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև գործառնությունների դադարեցման կամ կասեցման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնում է վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

7.7. Ընկերությունը Լիազոր մարմնի որոշման հիման վրա պարտավոր է դադարեցնել կամ կասեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնք կասկածվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ: 7.7 Ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի փողերի լվացման կասկածի առկայության դեպքում մինչև 5 օրով, իսկ "Ահաբեկչության մեջ կասկածվող սուբյեկտների" ցանկում առկա հաճախորդների դեպքում պարտավոր է 5 օրով կասեցնել այդ գործարքը կամ գործարար հարաբերությունը և այդ մասին անմիջապես Լիազոր մարմնին ներկայացնել այդ գործարքի վերաբերյալ տեղեկատվություն:

7.8. Լիազոր մարմնի համապատասխան իրավասու մարմնի որոշման հիման վրա գործառնությունը դադարեցված կամ կասեցված լինելու դեպքում, Ընկերությունը վերացնում է կասեցումը կամ դադարեցումը` միայն Լիազոր մարմնի որոշման հիման վրա:

7.9 Ընկերության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին Լիազոր մարմնին տեղեկացնելու կամ Լիազոր մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պահից 5 օրվա ընթացքում Լիազոր մարմինը որոշում է կայացնում "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի" մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու, կամ քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու հիմքերը պարզելու նպատակով կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում` 10 օրով) երկարաձգելու կամ կասեցման որոշումը վերացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում Լիազոր մարմնի որոշումը Ընկերությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է վերացված:

7.10. Լիազոր մարմնի որոշումները Ընկերության կողմից ստանալու նույն օրը, գործադիր տնօրենի կարգադրությամբ, տրամադրվում է Ներքին դիտարկումների մարմնին:

վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am